Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Խոշոր հաշվով հաղթանակները շատանում են

Խոշոր հաշվով հաղթանակները շատանում են
16.12.2013 | 15:55

Անգլիայի պրեմիեր լիգայի տասնվեցերորդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեստրում: Տեղի «Սիթին» հյուրընկալեց «Արսենալին»: Սա հանդիպում էր երկու թիմերի, որոնցից առաջինը սեփական հարկի տակ վերջին հինգ խաղում մրցակիցների դարպասը գրավել է քսանհինգ անգամ (նրանց թվում են եղել համապատասխանաբար չորս ու վեց գոլ «կերած» «Մանչեստր «Յունայթեդն» ու «Տոտենհեմը»), չհաշված որ «Էտիհադում» վերջին երեք տարում խաղ չկա, որ գոլ չխփի, իսկ մյուսը ընթացիկ մրցաշրջանում արտագնա յոթ խաղերից հինգում հաղթել է` կրելով մեկ պարտություն ու մեկ խաղ էլ ավարտելով ոչ-ոքի:

«Սիթիին» առնչվող մի փաստ էլ վկայակոչենք ու անցնենք բուն խաղին: Պելեգրինիի թիմի համար սա հանդիպում էր Չեմպիոնների լիգայի խմբայինում ամենազոր «Բավարիայի» նկատմամբ նրա իսկ դաշտում տարած հաղթանակից հետո, խաղ, որտեղ անգլիացիները պարտվում էին 0։2 հաշվով ու շահեցին 3:2 հաշվով: «Արսենալի» հետ խաղն էլ «Սիթին» անցկացրեց վերելքով` վեց անգամ գրավելով մրցակցի դարպասը: Ճիշտ է, քիչ թվով գոլեր էլ բաց չթողեց, սակայն 6:3 հաշիվը չափազանց տպավորիչ է մի թիմի նկատմամբ, որը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Առաջատար եռյակում դիրքերն ամրապնդելու առումով կարևոր հաղթանակ տարավ «Չելսին»` 2:1 հաշվով առավելության հասնելով «Կրիստալ Պելասի» նկատմամբ: Ջախջախելով «Տոտենհեմին» նրա իսկ հարկի տակ (5:0)` «Լիվերպուլը» շարունակում է իր ձեռքում պահել աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Նորից խփած գոլերով աչքի ընկավ ՈՒրուգվայի ազգայինի հարձակվող ու բացառիկ արդյունավետ խաղ ցույց տվող Լուիս Սուարեսը: Առաջնության վերջին տասնմեկ խաղում նա արդեն իսկ դարձել է տասնյոթ գոլի հեղինակ ու վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Իսպանիայի առաջնությունում Նեյմարի դուբլը հաղթանակ բերեց «Բարսելոնին»: «Վիլյառեալը» կարողացավ պատասխանել միայն մեկով: Ի դեպ, այս հաղթանակը երկրի առաջնությունների պատմության մեջ նոր բնագծի նվաճման հիմք հանդիսացավ: Բանն այն է, որ արդեն հիսունչորս շաբաթ կատալոնցիները ոչ մեկին չեն զիջում մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Նախորդ ռեկորդը` հիսուներեք շաբաթ, պատկանում էր Մադրիդի «Ռեալին» (1986-1988 թթ.), որն «Օսասունայի» հետ արտագնա խաղում առանց այն էլ իր բարդ վիճակը (պարտվում էր 0։2 հաշվով) ծանրացրեց նրանով, որ հանդիպման քառասունչորսերորդ րոպեից ստիպված էր խաղալ տասը հոգով (դաշտից հեռացվել է Սերխիո Ռամոսը): Եվ այդուհանդերձ մադրիդցիները կարողացան միավոր տանել մրցակցի հարկից` հանդիպումն ավարտելով ոչ-ոքի` 2:2:
Նախորդ տուրից հետո միավորներով «Բարսելոնին» հավասարված Մադրիդի «Աթլետիկոն» «Բարսելոնին» թույլ չտվեց երկար ժամանակ վայելել առաջնության միանձնյա առաջատար մնալու հաճույքը: «Վալենսիայի» նկատմամբ նրա 3:0 հաշվով հաղթանակը իսպանական առաջնությունում նորից հաստատեց երկիշխանություն: Երկու գոլի հեղինակ է դարձել Դիեգո Կոստան` տասնյոթ գոլով Ռոնալդուի հետ գլխավորելով գոլահարների ցուցակը:
Բունդեսլիգայի հերթական տուրում հերթական հաղթանակը տարավ «Բավարիան»` 3:1 հաշվով հաղթահարելով «Համբուրգի» արգելքը, մինչդեռ Դորտմունդի «Բորուսիան» ունեցավ միավորի հերթական կորուստ` «Հոֆենհայմի» հետ խաղում բավարարվելով ոչ-ոքիով` 2:2, թեպետ 0։2-ից հետո հաշիվը հավասարեցնելն ու միավոր կորզելը տվյալ պարագայում խոսում է ոչ այնքան կորցնելու, որքան գտնելու մասին: Երրորդ հորիզոնականում դորտմունդցիներին կարող էր փոխարինել Մյոնխենգլադբախի «Բորուսիան», սակայն «Մայնցի» հետ արտագնա խաղում նա էլ բավարարվեց ոչ-ոքիով` 0:0: «Բայերը» սեփական հարկի տակ խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ ու պարտվեց նվազագույն հաշվով: Այժմ նա յոթ միավորով է հետ «Բավարիայից» ու հինգ միավորով է առաջ Դորտմունդի ու Մյոնխենգլադբախի «Բորուսիաներից»:
Ֆրանսիական դիվիզիոնում նորից բարձրության վրա էր ՊՍԺ-ն` Զլատան Իբրահիմովիչի ու Էդինսոն Կավանիի հերթապահ գոլերով: Այս անգամ նրա առաջ ծնկեց «Ռենը»` 1:3: Արտագնայում հաղթական կամքով առանձնացավ և «Մոնակոն»` երկու անպատասխան գնդակի առավելություն ապահովելով «Գենգամի» նկատմամբ: Առաջատար մյուս երկու թիմերի պես համոզիչ էր և «Լիոնը», որը 2:1 հաշվով հաղթեց «Բաստիային»:
Իսպանական առաջնությունում «Յուվենտուսը» շարունակում է վստահորեն գնալ դեպի չեմպիոնություն: Այս անգամ նրա զոհը «Սասուոլոն» էր` 4:0, թեպետ օրեր առաջ կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում թուրքական «Գալաթասարայից» կրած դառը պարտությունը քիչ արցունքներ չի շարունակելու քամել թիմի երկրպագուների աչքերից: Չեմպիոնների լիգայի մյուս անհաջողակը` «Նապոլին», որը, ի տարբերություն «Ծեր սինյորայի», հաղթեց «Արսենալին», սակայն ստիպված եղավ լքել խաղարկությունը, նույնքան վստահ հաղթանակ տարավ մրցակցի` «Ինտերի» նկատմամբ (4:2)` շարունակելով ամուր պահել ներքին առաջնության երրորդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է «Ռոմային», նրա հանդիպումը «Միլանի» հետ կայացավ երեկ ուշ երեկոյան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ